https://marketingdirect.lu/meilleures-pratiques-en-matiere-de-courrier-electronique-utilisees-par-les-entrepreneurs-qui-reussissent/


Դասախոսություն 5. Մշակութային և ստեղծարար հատվածներ
Արդյունաբերական արտադրության առանձնահատկությունները, ինչպես, օրինակ, սերիալիզմը` շարունակաբար արտադրելու հատկությունը, նոր չեն: 17-րդ դարում նկարիչ Ռուբենսը իր կտավների պահանջարկը բավարարելու նպատակով բացեց մի հսկայական արվեստանոց, որտեղ նրա աշակերտները աշխատում էին նկարչի արած ուրվանկարների վրա, իսկ ինքը` վարպետը, պարզապես հասցնում էր վերջին վրձնահարվածները:
Ինչևէ, մշակութային և ստեղծարար արդյունաբերությունների գաղափարը առաջացել է ավելի ուշ: Տնտեսագետ և արվեստաբան Պիեռ Լուիջի Սակոն գտնում է, որ դա պայմանավորված է քսաներորդ դարի սկզբի արդյունաբերական հեղափոխությամբ: Չէ որ այդ շրջանի տեխնոլոգիական նվաճումները, մասնավորապես` ռադիոն, երաժշտական ձայնագրությունը, լուսանկարչությունը, ֆիլմերը, տպագրության տեխնոլոգիայի բարելավումը հասանելի դարձրեցին մշակույթը և իրենց ազդեցությունը թողեցին ստեղծագործման գործընթացի վրա:Թատրոնը, վիզուալ արվեստը, կինոմատոգրաֆիան, հեռուստատեսությունը, ռադիոն, երաժշտությունը, տպագրությունը, համակարգչային խաղերը, նոր ԶԼՄ-ները, ճարտարապետությունը, դիզայնը, նորաձևությունը, և գովազդը հանդիսանում են մշակութային և ստեղծարար արդյունաբերության մի մասը: Գործնականում մշակութային արդյունաբերություն եզրը կարող է փոխարինվել ստեղծարար արդյունաբերությամբ: Սակայն մշակութային արդյունաբերություն հասկացությունը ավելի շատ հարակից է մշակութային ժառանգությանը և ստեղծագործության ավանդական ձևերին, մինչդեռ ստեղծարար արդյունաբերությունը ենթադրում է կիրառական արվեստներ, նորարարություն, եկամտի աղբյուրների և աշխատատեղերի ստեղծում՝ մտավոր սեփականության օգտագործմամբ:
Ներկայումս մենք ականատես ենք, թե ինչպես են առաջանում մշակութային և ստեղծարար արդյունաբերության նոր ձևեր, իսկ բովանդակություն ստեղծողների և սպառողների միջև առկա հատող գիծը աստիճանաբար անհետանում է: Մշակութային և ստեղծարար հատվածները նոր տնտեսության առաջատամարտիկներն են: Այսօր արդյունաբերական հասարակությունը աստիճանաբար վերափոխվում է մտավորի, հետևաբար խնդիրներ լուծելիս ստեղծարար մոտեցման կիրառումը մրցունակության գրավականն է: