https://marketingdirect.lu/pourquoi-le-marketing-numerique-est-la-cle-du-succes-pour-votre-entreprise/


Դասախոսություն 7. Զանգվածային և էլիտար մշակույթ
Թե մշակույթի, թե հասարակության մեջ կարևոր է ճանաչել և հարգել այլ մշակութային տեսակետ և հետաքրքրություններ ունեցող մարդկանց: Ներկայումս դժվար է տարորոշել զանգվածային և էլիտար մշակույթ հասկացությունները: Եթե Լեոնարդո դա Վինչին ողջ լիներ այսօր, նա ամենայն հավանականությամբ կզբաղվեր համակարգչային խաղերի արտադրությամբ:
1929 թվականին իսպանացի փիլիսոփա և սոցիոլոգ Խոսե Օրտեգա ի Գասետը հրատարակեց <<Զանգվածների ապստամբությունը>> աշխատությունը, որտեղ նա իր բողոքն էր արտահայտում այն <<զանգվածների>> նկատմամբ, որոնք խլելով հանրային իշխանությունը` կարողացան հասնել մի կենսամակարդակի, որ նախկինում շատ քչերին էր հասանելի:
Հետագայում մշակույթը զանգվածային և էլիտար մշակույթների բաժանելու գաղափարը արծարծվեց Մաքս Հորքհեյմերի և Թեոդոր Ադորնոյի կողմից: Նրանք առաջ բերեցին մշակույթի արդյունաբերություն եզրը, որպեսզի նկարագրեն արդյունաբերական մեխանիզմով արտադրվող միօրինակ և միատիպ նորույթները արվեստի, կերպարվեստի, գրականության և կինոյի բնագավառներում: Նրանց խորին համոզմամբ` նման արդյունաբերության արդյունքում ստեղծված մշակույթի հիմնական նպատակը ոչ թե մարդկանց կրթելն էր, այլ առօրյա խնդիրներից շեղելը, ինչպես նաև նախաձեռնող ու ստեղծագործ միտքն արգելակելը: Նույն կերպ նրանք քննադատում էին ճարպիկ հնարքների վրա կառուցված ֆիլմերն ու մուլտֆիլմերը:
Ավելի ուշ, գիտնականներն սկսեցին սահմանել զանգվածային մշակույթը ոչ միայն որպես մարդկանց զանգվածներին առաջարկվող արդյունաբերության արգասիք, այլև որպես ստեղծագործ մտքի զարգացման և հասարակական գործընթացների և փոփոխությունների մասին խորհելու հնարավորություն: Այսպես, օրինակ, վերջին 50 տարվա ընթացքում զանգվածային մշակույթի շրջանակներում դիտարկվել է անցում դեպի ռասսայական հադուրժողականություն. նախորդ դարի 50-ական թվականներին էկրան բարձրացած Թոմ և Ջերի մուլտֆիլմում աֆրոամերիկացի կինը պարզապես ներկայացված է որպես սպասուհի, ում սպիտակ ձեռնոցները մերթ ընդ մերթ նշմարվում են էկրանին: Մինչդեռ, արդեն 2000-ականներին Հեյլ Բերին, Ջեյմս Ֆոքսը և Դենզել Վաշինգթոնը արդեն <<Օսկար>> էին ստացել լավագույն դերակատարման համար:
Ներկայումս նշանակալից է զանգվածային լրատվամիջոցների դերը կրթության մեջ: Ընդունված է համակցել կրթությունն ու զվարճանքը: Այսպես, օրինակ, Մորգան Ֆրիմենի <<Տարածության ու ժամանակի միջով>> վավերագրական ֆիլմաշարը ուսումնասիրում է ժամանակակից գիտության ամենամութ առեղծվածները և սիրված է հեռուստադիտողների կողմից, որի վկայությունն է այն հանգամանքը, որ հաղորդումը առաջադրվել է <<Էմի>> մրցանակի:
Համաշխարհային փոփ մշակույթի այնպիսի դեմքեր, ինչպիսք են Լեդի Գագան, Դեյվիդ Բեքհեմը, Շաքիրան և Ռիաննան ավելի շատ են ուշադրության արժանացնում մարդկանց, հատկապես երիտասարդներին, քան քաղաքական գործիչները: Մինչդեռ երիտասարդների տեսակետները 21-րդ դարում միանշանակ ավելի կարևոր դեր են խաղում տարբեր երկրների քաղաքականության և տնտեսության ոլորտներում: Չի կարելի թերագնահատել մշակույթի ներուժը երիտասարդների շրջանում` որպես նոր գաղափարների արտահայտման և ստեղծագործելու նոր ձևերի մշակման միջոց:
Բացի այդ, նոր լրատվամիջոցների ի հայտ գալը հեղափոխեց հանդիսատես-մշակույթ փոխազդեցությունը, և հանդիսատեսը բովանդակության սպառող լինելուց բացի դարձավ, բովանդակության ստեղծման ակտիվ մասնակիցը: Ջասթին Բիբերը հայտնվեց պրոդյուսերների ուշադրության կենտրոնում, երբ նրա սիրողական հոլովակները սկսեցին ժողովրդակայնություն վայելել YouTube -ում: Նույն կերպ ուկրաինացի նկարիչ Նաստյա Նուդնիկի առցանց Զմայլիկանացում /Emoji nation/ շարքը, որը զավեշտականացնում է հանրահայտ կտավները, միջազգային հանրության հետաքրքրության կիզակետում հայտնվեց: